«ԵԼՔ» դաշինքի ծրագրում կա առանցքային շատ կարևոր դրույթ այն մասին, որ իշխանության գալու պարագայում կստեղծվի «ճշմարտության հանձնաժողով», որը միջազգային փորձի արդյունքում ստեղծվող մեխանիզմ է, այն բացահայտելու է Հայաստանում անկախության 25 տարիների ընթացքում բոլոր տեսակի քաղաքական սպանությունների, քաղաքական ողբերգական իրադարձությունների (Հոկտեմբերի 27, Մարտի 1, ՊՊԾ գնդի գրավում) մեղավորներին և պատասխանատվության է ենթարկելու: Արդյունքում հանրային համերաշխություն է հաստատվելու»,- երեկ նշել է Էդմոն Մարուքյանը:
Իհարկե, միանգամայն հասկանալի է, որ «ԵԼՔ»-ի առաջին համարը քաղաքական շեշտադրում է կատարում` հատկապես կարևորելով Հոյտեմբերի 27-ի ոճրագործության և Մարտի 1-ի սպանդի բացահայտումը:
Կրկնում եմ` քաղաքական ակցենտի մասով ամեն ինչ հասկանալի է, նույնիսկ` ընդունելի: Մյուս կողմից` առկա է կոմունիստական իշխանության նախադեպը, երբ հանձնաԺողովներ ստեղծվում էին` Ճշմարտությունը թաղելու, ոչ թե բացահայտելու նպատակով:
Եվ վերջապես` առկա է ժամանակակից Ուկրաինայի տխուր նախադեպը, երբ Մայդանի թեկադրանքով ստեղծվում էին զանազան «հեղափոխական դատարաններ», մարմիններ, որոնք ոչ թե օրինականություն էին հաստատում, այլ զբաղված էին «հակահեղափոխականների որսով»:
Ասել կուզեմ, որ երկրում ընդամենը պետք է վերականգնել սահմանադրական վիճակը` բառիս ընդգրկուն իմաստով, և ոչ միայն նախկինում կատարված հանցագործությունները կբացահայտվեն, այլ կկանխվեն նորերը:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ